Ինչպես այգին գանանա շնչին`ես քո գալուն կարոտել եմ,
Զեփյուռի պես քո փարվելուն, համբույր տալուն կարոտել եմ,
Ծաղիկների մեջ մեծացած մի այծյամ ես ծով աչքերով,
Երկինք ելնող մեր սարերում քո մանգալուն կարոտել եմ:
Քեզ չեմ տեսնում, բայց ականջիս միշտ քո անուշ ձայնն է հնչում,
Ո՜վ աննման, հոգուս հավքը քեզանով է միայն շնչում,
Հարբել կուզեմ քո բուրմունքով, դու մի վարդ ես ծաղկեփնջում,
Նորած լուսնի նման ես, քո երևալուն կարոտել եմ:
Երգ եմ հյուսել ես քեզ համար, արի լսիր, ի'մ նազելի,
Ծամդ սազի տեղ առ կրծքիդ, մեր լավ խաղ ու տաղով արի,
Ամեն քայլիդ վարդ կբացվի քո ճամփեքին բուրմունքով լի,
Սիրո երգչիս քո սերը բեր, քո ժպտալուն կարոտել եմ:
Եկ մեր այգում դու ման արի, ծառերը քեզնով կանաչեն,
Լուռ աղբյուրներ լեզու առնեն ու քո ձայնի հետ կարկաչեն,
Աշոտիս հետ հավք ու հովեր աշուղ դառած քեզ կկանչեն,
Արի՛, թառլան, մեր օջախում քո մնալուն կարոտել եմ: