Սարն իր տեղից չի հեռանա, իմացե՛ք,
Վիշտը սրտից չի վերանա, իմացե՛ք,
Ա՜խ, ինչքան էլ խոր խորանան վերքերս,
Հույսի տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք,
Թեկուզ գլխիս ձյունն էլ նստի Մասիսի,
Մ՛ի վշտացեք, լանջին գարուն կբացվի:
Թիթեռն, ավա՜ղ, մոմի լույսով կվառվի,
Բլբուլն ավա՜ղ, վարդի փշին կմաղվի:
Ա՜խ, ինչքան էլ սրտիս կարոտը հալվի,
Երգի տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք:
Ա՜խ, սերն անգամ լեռ կմաշի, սիրուննե՛ր,
Ճամփեքն իրար նա կխառնի, սիրուննե՛ր,
Բայց ինչքան էլ ինձ չարչարի, սիրուննե՛ր,
Սիրո տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք:
Աշոտ, սերդ խոր ծովի պես կծփա,
Ադամանդ կա նրա խորքում, կշողա,
Ա՜խ, ինչքան էլ սիրտս սիրուց թե դողա,
Վշտի տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք:
Թեկուզ գլխիս ձյունն էլ նստի Մասիսի,
Մի՛ վշտացեք, լանջին գարուն կբացվի: