Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչքերին․
Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։
Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։